Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Ադրբեջանը այլևս պատասխանատու է ողջ կովկասյան տարածաշրջանի համար` որպես առաջնորդ, և տարածաշրջանից դուրս ապրող ժողովուրդները մեծ հույսեր են կապում նրա հետ։
Իհարկե, եթե առաջնորդվենք քաղաքական պոռոտախոսությամբ, ապա պետք է սուր քննադատական խոսքեր հնչեցնենք Բելառուսի նախագահի հասցեին։ Սակայն, եթե գնահատենք համարժեք, ապա ամեն ինչ օրինաչափ է։
Հարավային Կովկասի գործերում բաժնետոմսեր կարող է ունենալ այն պետությունը, որը լավ հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ։ Այսօրվա իրականությունն այն է, որ Հարավային Կովկասում ամենալավ հարաբերությունները Ռուսաստանի հետ ունի Ադրբեջանը։
ԱՄՆ-ը և դաշնակիցները Հայաստանին արդեն իրենցով են արել և զոհաբերում են իրենց աշխարհաքաղաքական շահերի համար։ Հայաստանը, տարածշրջանային կայունության և անվտանգության պահպանման հարցում, Արևմուտքի դրդրմամբ, դադարել է որևէ գործոն լինելուց։ Վրաստանն այսօր ընդամենը փորձում է դիմադրել ԱՄՆ-ին` ուկրաինական ճանապարհով չգնալու համար։ Եվ միայն Ադրբեջանն է, որ այսօր գտնվում է ամուր և կայուն վիճակում։
Հայաստանի համար, 44-օրյա պատերազմից հետո, Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապահովման գործում որոշակի բաժնետոմսեր ունենալու հիմքը դա Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու Ռուսաստանի միջնորդությունն էր։ Այդ հայտարարությամբ Ռուսաստանը Հայաստանին ուղղակի նվիրեց Հարավային Կովկասում գործոն լինելու հարցում որոշակի բաժնետոմսեր ունենալու հնարավորություն։
Հրաժարվելով և լիարժեք չօգտվելով Ռուսաստանի միջնորդությունից և ընձեռած հնարավորությունից՝ Հայաստանը հայտնվեց Արևմուտքի թակարդում և կորցրեց Հարավային Կովկասում դերակատար լինելու իր բաժնետոմսերը։
Հայկ Այվազյան